«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Հասարակությանը սովորեցնում են ամեն օր մի փոքր ավելի քիչ զգալ, մի փոքր ավելի քիչ զարմանալ, մի փոքր ավելի քիչ պահանջել

Հասարակությանը սովորեցնում են ամեն օր մի փոքր ավելի քիչ զգալ, մի փոքր ավելի քիչ զարմանալ, մի փոքր ավելի քիչ պահանջել
14.08.2026 | 13:17


Ամեն օր Ազգային ժողովում իրար են հայհոյում. ընդդիմադիրները՝ իշխանականներին, իշխանականները՝ ընդդիմադիրներին։

Միաժամանակ՝ Հայաստանի գլխին կախված են գոյութենական խնդիրներ, իսկ փողոցները լեփ-լեցուն են պետական միջոցներով կազմակերպված համերգներով ու փառատոներով։

Աղավաղված է գրեթե ամեն ինչ։ Չհայհոյված, չարժեզրկված ու չնսեմացված գրեթե ոչինչ չի մնացել։

Երկիրը կոռուպցիայի մեջ թաթախված է, իսկ իշխանությունը, իմ գնահատմամբ, իր յուրային կոռուպցիոներներին ոչ թե պատժում է, այլ խրախուսում՝ ստեղծելով արտոնյալ պայմաններ և պատասխանատվությունը դարձնելով ընտրովի։

Ամբողջ կեղտը ջրի երեսին է՝ հանցագործությունների աճ, կոռուպցիա, ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողներ, պետական կառավարման խորացող անպատասխանատվություն, իսկ հասարակության մեջ՝ ամեն ինչի նկատմամբ աստիճանաբար աճող անտարբերություն և ատելություն միմյանց նկատմամբ։

Այս ամենի ֆոնին, եթե առանձնացնենք ԱԺ-ում Էդգար Ղազարյանի ելույթի շուրջ ծավալվող թնջուկն ու ընդդիմության՝ սեփական թիմակցին վախվորած աջակցությունը, ապա պատկերը պարզապես ողբալի է։ Հատկապես այն իրավիճակում, երբ հասարակությունը նրանցից սպասում է լուրջ քաղաքական պայքար, հստակ դիրքորոշումներ և պատասխաններ։

Ինչևէ, ունենք հաց ու տեսարան։

Ինչպես ասում են՝ «ամբոխին պետք է հաց ու տեսարան»։

Որ մարդիկ չմտածեն՝ ինչ է կատարվում իրենց երկրի հետ, այլ նայեն հերթական համերգին, փառատոնին ու Ազգային ժողովի հերթական սկանդալին։

Սա պարզապես քաոս չէ։

Սա կործանման ցավազրկված ձևն է։ Արժեզրկված վերացման ձևն է։

Երբ պետությունը չի կործանվում մեկ օրում, այլ հասարակությանը սովորեցնում են ամեն օր մի փոքր ավելի քիչ զգալ, մի փոքր ավելի քիչ զարմանալ, մի փոքր ավելի քիչ պահանջել։

Եվ ամենավտանգավորն այն է, որ մի օր կարող է գալ այն պահը, երբ մենք կարթնանանք ու կհասկանանք՝ կորցրել ենք գրեթե ամեն ինչ։

Ոչ թե այն պատճառով, որ ոչինչ չէինք տեսնում, այլ որովհետև ամեն ինչ տեսնում էինք և, այնուամենայնիվ, սովորել էինք չզարմանալ, չլսել զգուշացումները և չպահանջել պատասխաններ։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 10767

Մեկնաբանություններ